Շիրվանզադե Ալեքսանդր՝ Պատմվածքներ և վիպակներ | |
Ահա այստեղ նա ոգևորվեց և գրավեց դատավորների ուշադրությունը, նույնիսկ թմրած ծերունու հետաքրքրությունը շարժելով այնքան, որ նա մի քանի րոպե գլուխը բարձրացրեց, ունքերը վեր քաշեց և ականջ դրեց:
Երբ երկու դատավորներից մեկը հարուստ է, մյուսը աղքատ, մեծ մասամբ հարուստն է տուժում բարոյապես: Թույլերն ունին մի զորեղ զենք — ամբոխի կարեկցությունը, որի դեմ շատ անգամ աշխարհի զորավորները տկար են, Մարդկային կանխակալ կարծիքը յուր համակրանքը աղքատին տալով, հակակրանքով ճնշում է հարստին: Օրենքների խորին իմաստն է՝ կեղևն իրենից դեն ձգել և նրանց էության մեջ որոնել ճշմարտությունը: Եթե մեղադրյալները հարուստ են — չի նշանակում, թե անմաքուր են: Եթե մեղադրողը աղքատ գեղջկուհի է — չի նշանակում, թե բարոյականության տիպար է:
Մեղադրողի պաշտպանն ասաց, թե յուր պաշտպանյալը շահագործվել է, և այս մասնավոր փաստը հաստատելու համար դիմեց քաղաքատնտեսական գիտությունների օգնությանը: Մի թեթևսոլիկ թռչնի պաշտպանության համար հրապարակ դուրս բերեց շատ գործածվելուց տաշված ու մաշված թնդանոթներ և սկսեց նրանցից ռմբակոծել կապիտալի պողպատյա պատվանդանը: Եվ նրա բարձրացրած խլացուցիչ որոտներից մնաց դարձյալ այն, ինչից պետք է սկսեր նա յուր պաշտպանողականը — մի նախկին աղախին և յուր նախկին տերերը: Մեկը վաճառել է յուր աշխատանքը, մյուսները գնել են: Մի առօրյա հասարակ առևտուր, որից գոհ են եղել թե գնողը և թե մանավանդ վաճառողը: Ապացույց, որ առևտուրը տևել է ամբողջ երեք տարի: Ո՞վ էր խլել վաճառողի կամքը՝ հեռանալ գնողներից ամեն վայրկյան, երբ տեսել է, որ իրեն հարստահարում են: Ո՛չ ոք: Ուրեմն խոսել շահագործման մասին այս դեպքում — կնշանակե քամի ծեծել տնտեսական փիլիսոփայության մտրակով, մի բան, որ չի կարող հետաքրքրական լինել դատարանի համար...
Հետևաբար պետք է դառնալ մյուս մեղադրանքներին:
Բռնաբարո՛ւմ: Դյուրին է բարդել մարդու վրա մի այդպիսի ծանր մեղք, բայց ապացուցանել դժվար է և անհնարին: Յուրաքանչյուր բռնաբարման առաջին և անմիջական հետևանքն է բողոքը: Ո՞ւր է ներկա դեպքում բռնաբարվողի բողոքը բռնաբարողի դեմ: Չկա: Պարզ է, որ մոլորությունը փոխադարձ է: Նա թե մեկինն է, թե մյուսինը: Արդ, եթե այդ մոլորությունը հանցանք է մեկի համար, ինչո՞ւ չպիտի լինի հանցանք և մյուսի համար: Եթե քավում է մեկը, ինչո՞ւ չպիտի քավի և մյուսը:
Բայց քավելու կարիք չկա, որովհետև չկա և՛ հանցանք:
Մանո՛ւկը: Ահա այն առանցքը, որի շուրջը պտտում է ներկա դատը: Վերցրեք նրան ասպարեզից, և դատն ինքնըստինքյան կչքանա:
Ո՞վ է ավելի հարազատ մայր նրա համար. նա՞, որ աշխարհ է բերել նրան, թե նա, որ ընդունե՞լ է. նա՞, որ բերելու օրը ձգել է ճակատագրի հաճույքին, թե՞ նա, որ շպրտվածը վերցրել է փողոցային ցեխի միջից, լվացել, մաքրել, զուգել-զարդարել ու տեղավորել յուր կարոտ սրտի լավագույն անկյունում — մայրության սրբազան վայրում: Նա՞, որ կամեցել է սպանել նրան յուր արգանդում, թե՞ նա, որ միայն այդ մտքից սարսափել է: Նա՞, որ վաճառել է փողով, թե նա, որ գնել է ազնվագույն զգացումների արժեքով: Վերջապես, նա՞, որ վեց տարվա ընթացքում և ոչ մի անգամ հետաքրքրվել է մանկան վիճակով, թե նա, որի համար այդ վիճակն եղել է քնքուշ հոգացողության և անսահման սիրո առարկա:
Պնդել, որ աղքատությունն է ստիպել մեղադրողին հրաժարվել յուր զավակից, կնշանակե մաքրելու փոխարեն ավելի արատավորել նրա բարոյական պատկերը: Աղքատությունը կարող է ճնշել մայրական զգացումը, բայց երբեք խեղդել և սպանել: Շատ դեպքերում նա սրում է և հիվանդության աստիճանի նրբացնում այդ զգացումը: Չե՞ն եղել մայրեր, որ իրենց ցամաքած արյունի վերջին կաթիլներով են սնել և մեծացրել իրենց զավակներին: Ահ, աշխարհի գանձերը չեն կարող մայրերի ոսկրոտ կրծքերից կորզել հարազատներին, եթե միայն այդ կրծքերի տակ կա ծնողական զգացում:
Նայեցեք, մի՞թե այդ կինը մոր տպավորություն է գործում, մանավանդ այնպիսի մոր, որ վեց տարի զուրկ է եղել զավակի տեսությունից: Այդ գեղեցիկ, բայց արտահայտիչ դեմքը, այդ շինծու ատելությամբ լի հայացքը, այդ անընդհատ հոգացողությունը` երևալ տխուր և կարեկցության արժանի, ինքնըստինքյան ապացուցանելու համար են` թե ներկա դատի մեջ կա կեղծիք: Ո՞ր է մայրական կարոտի դրոշմը նրա ճակատի վրա: Ո՞ւր է տառապած հոգու մռայլը նրա աչքերի մեջ: Ոչ, ոչ, Զինաիդա Պրոխորովային այստեղ բերողը մանկան կարոտը չէ, այլ ուրիշ բան:
— Ի՞նչ է այդ բանը:
— Ուշադիր լսելով մեղադրողի պաշտպանի ճառը, դժվար չէ գտնել այն մագնիսը, որ թե՛ պաշտպանյալին, թե պաշտպանողին ձգել, բերել է այստեղ: Ահ, զուր չէին կրկնվում այդ ճառի մեջ աղքատություն, հարստություն բառերը: Մարգարե չպիտի լինել գուշակելու համար, որ եթե իմ պաշտպանյալները լինեին ոչ հարուստ, երբեք, երբեք նրանց չէին քաշիլ դատարան և նստեցնիլ մեղադրյալների նստարանի վրա: Ոչ, պարոնայք դատավորներ, Զինաիդա Պրոխորովային այստեղ բերողը մայրական սերը չէ, այլ շահը, շահը և շահը: Բայց ես չեմ ոզղում ներկա անարդար դատի ամբողջ պատասխանատվությունը գցել նրա վրա: Քա՛վ լիցի: Ես գիտեմ, որ չնայելով դատի խորամանկ նպատակին, նա ինքը մի պարզամիտ կին է: Նա գործում է ուրիշների թելադրությամբ: Թելադրողներից մեկը ձեր առջև է, պարոնայք դատավորներ, իսկ մյուսը թաքնված է կուլիսների ետևում: Դժբախտաբար, ես չեմ կարող ասպարեզ հանել ներկա բանսարկության այդ գլխավոր հերոսուհու անունը: Դա ընտանեկան գաղտնիք է: Բայց առանց այն էլ, պարոնայք դատավորներ, ձեզ համար միանգամայն պարզ է, որ այսօրվա դատը չունե բարոյական և ոչ մի մեղադրանք, ուստի ես խնդրում եմ ազատել իմ պաշտպանյալներին այդ պատասխանատվությունից և գործին նայել միայն նյութական տեսակետից...
Ավարտելով յուր ճառը, Սինոփյանը խնդրեց դատավորներին մերժել Զինայի պահանջը և երեխային թողնել Լիդիայի և Գուրգենի մոտ:
Ոտքի կանգնեց դատախազը: Խոսեց նա մի ամբողջ ժամ: Խոսեց չոր ու ցամաք ոճով: Կրկնեց շատ բաներ Լազմանովի ասածներից, ավելացրեց մի քանի դիտողություններ: Խնայելով Լիդիային, չխնայեց Գուրգենին և նրա բարոյական պատկերը ներկայացրեց մռայլ գույներով:
Մեծ ուրախություն պատճառեց Սինոփյանին այն հանգամանքը, որ դատախազը չխոսեց Սերժին լուսավորչական մկրտելու մասին: Նա ինքն էլ չխոսեց այս մասին և չխոսեց դիտմամբ:
Երբ դատախազը ավարտեց յուր խոսքը, նախագահը դարձավ Լիդիային և Գուրգենին.
— Մեղադրյալնե՛ր, արդյոք, կկամենա՞ք ձեր վերջին խոսքն ասել:
— Ո՛չ, — ասաց Գուրգենը:
— Ո՛չ, — կրկնեց Լիդիան:
Նախագահը ոտքի կանգնեց:
— Դատը ընդհատվում է տասը րոպեով:
Եվ հեռացավ: Նրան հետևեցին մյուս երկու դատավորները:
Անցան Լիդիայի և Գուրգենի համար հավիտենականության չափ տասը րոպեները, նիստը նորից բացվեց: Նախագահն ասաց.
— Դատարանը որոշեց, որ երեխան բերվի այստեղ:
— Ախ ոչ, ախ ոչ, — լսվեց Լիդիայի ձայնը, և նա թուլացած՝ ընկավ Գուրգենի ձեռների վրա:
Սինոփյանը շտապեց ջուր մատուցանել, և երկու հանդիսական փաստաբանների օգնությամբ, Լիդիային տարավ հարևան սենյակներից մինը:
XIV
— Պապա, ո՞ւր ես տանում ինձ, — հարցրեց Սերժը մի քանի անգամ, երբ կառքը նրանց սլացնում էր դատարան:
— Թատրոն ենք գնում, սիրելիս, թատրոն, — գտավ վերջապես Գուրգենը:
— Մամա՞ն էլ այնտեղ է:
— Այնտեղ է:
Եվ մեծ ճիգ գործ դրեց Գուրգենը, որպեսզի չհեկեկա փողոցում, սեղմելով կրծքին յուր զավակին:
— Ահ, ի՛նչ մեծ թատրոն է, — հրճվեց Սերժը, երբ հոր ձեռը բռնած, բարձրանում էր դատարանի ընդարձակ սանդուղքով:
— Մաման օթյակո՞ւմն է:
— Այո:
Սանդուղքի ծայրում կանգնած էր Սինոփյանը հանգիստ դեմքով: Նա սպասում էր Գուրգենին:
— Ինչպե՞ս է, — հարցրեց Գուրգենը...
— Բոլորովին հանգիստ: Ի սեր աստծո, մի հուզվեք, կլինի այնպես, ինչպես ասել եմ:
— Ես ինձ կզսպեմ, սիրտ տվեք նրան...
Երբ մտան դահլիճ, Լիդիան նստած էր յուր տեղում, գլուխը կրծքին թեքած, ձեռքերը դրած ծնկների վրա:
— Ո՞ւր է մաման, — հարցրեց Սերժը, այս ու այն կողմ նայելով:
— Ահա նա, — ասաց Գուրգենը մոտեցնելով նրան Լիդիային:
— Մամա, մամա, ես էլ եկա, — գոչեց Սերժը և, հոր ձեռը բաց թողնելով, վազեց փաթաթվեց Լիդիայի պարանոցին, առանց քաշվելու ներկա եղողներից:
Ըստ երևույթին, Լիդիան պատրաստված էր այդ տեսարանին: Նա իշխել էր իրան և դատապարտում էր յուր րոպեական թուլությունը: Սինոփյանի հուսադրիչ խոսքերը նորից կազդուրել էին նրան, նորից հույս ներշնչել:
Նա գրկեց Սերժին լռորեն, սեղմեց կրծքին ջերմագին: Ա՛հ, ո՞վ կարող է բաժանել նրանց, ո՞ր անողոք օրենքը կամ կոպիտ ուժը: Սերժը նրանն է, դատավորները կզգան այդ և չեն խլի նրանից յուր կյանքը...
Լազմանովն արդեն հրճվում էր յուր հաղթանակով: Նա դատը տարած էր համարում:
Երեխային անպատճառ կվերադարձնեն Զինային — այս ամեն մի կասկածից դուրս է: Բայց ո՛րքան գումարի կդատապարտեն մեղադրյալներին հօգուտ մեղադրողի — ահա գլխավորը: Նա գիտեր, որ յուր պահանջը մեծ է, բայց դիտմամբ էր այդ մեծ գումարը նետել մեջտեղ, որպեսզի դատավորները գեթ մասամբ հարմարեցնեն իրենց դատավճիռը պահանջի քանակությանը: Չեն որոշել ամբողջ գումարը, թող որոշեն նրա կեսը, քառորդը...
Միևնույն միտքն էր զբաղեցնում և՛ Զինային դատավարության սկզբից: Նրա սիրտն սկսեց ուժգին բաբախել այն վայրկյանին, երբ Լազմանյանն արտասանեց «կամ միանվագ հարյուր հիսուն հազար ռուբլի, կամ տարեկան տասնուհինգ հազար»: Այդքանը նա ոչ միայն չէր պահանջիլ, եթե մնար յուր կամքին, այլև չէր երազիլ անգամ պահանջելու: Նրան հարկավոր էր այնքան, որքան կարող էր Պոլիկարպին նորից յուր գիրկը գցելու, — դարձյալ մի հազար ռուբլի: Նա ուրախությամբ կհրաժարվեր և՛ երեխայից, և՛ փողերից, եթե իմանար, որ վաղ թե ուշ Պոլիկարպը նորից կսիրե իրան, միայն այս անգամ առանց ակնկալության:
Բայց կար նրա հոգու խորքում մի անկյուն, որ տակավին անապական էր մնացել: Դա երախտագիտության զգացումն էր, այն խոր, անկեղծ համակրանքը դեպի Լիդիան, որ երբեք չէր չքացել նրա մեջ: Նույնիսկ այժմ, երբ կանգնած էր նրա դեմ ճակատ առ ճակատ որպես թշնամի, չէր ատում նրան, և շարունակ կրկնում էր յուր մտքում.
«Նա ինձ ազատել է խայտառակությունից, փող է տվել, ծանր բեռս վերցրել է յուր վրա»:
Նա զգում էր, որ եթե առանց դատի էլ դիմեր յուր նախկին տերերի օգնությանը, մերժում չէր ստանալ: Համենայն– դեպս Լիդիան նրան դատարկ ձեռքով բաց չէր թողնիլ: Բայց չդիմեց, որովհետև չթողեցին դիմելու՝ նախ Ելենան յուր խորհուրդներով, ապա Լազմանովն ահագին գումար կորզելու վարդագույն հույսերով:
Դատավարությունը նրա համար սկզբից ևեթ ձանձրալի էր: Չգիտեր, թե ինչու են հարկավոր այդ բոլորը — դատավորների հանդիսավոր մուտքը, նրանց անվերջ հարցուփորձը, փաստաբանների երկար ճառերը, վերջապես այդ լղար, բարձրահասակ երիտասարդ դատախազն յուր կոմիկական լրջությամբ: Նա պատրաստ էր հեռանալու դատարանից, ամեն ինչ թողնվելով փաստաբանին, բայց վախենում էր, որ այդ կարող է դատավորներին բարկացնել:
Այն վայրկյանին, երբ երեխայի դատարան բերվելը պահանջելիս Լիդիան ճչաց և նվաղեց, Զինայի մեջ կատարվեց վայրկենապես մի տարօրինակ բան: Լիդիան նրան թվաց այնքա՛ն խղճալի, այնքան արժանի կարեկցության, որ ինքն էլ պահանջ զգաց նրա նման ճչալու և նվաղելու: Նա զսպեց իրեն, որպեսզի չարտասանե որևէ հիմար խոսք:
Այլևս նրա դեմքից չքացել էր շինծու–արհամարական ժպիտը և նրա շարժումներն ու ձևերը կորցրել էին իրենց արվեստական գոռոզությունը: Նրա գեղեցիկ դեմքն ստացավ անսովոր լրջություն, որ խառն էր տխրության հետ: Նրա աչքերի մեջ երևաց իմաստալի արտահայտություն, որի նմանը երբեք չէր ունեցել:
Երեխային տեսնելիս՝ նա զգաց կարեկցություն և դեպի նա, բայց ոչ իբրև մայր, այլ իբրև սոսկ կին: Այդ սիրուն հագնված, առողջ, կայտառ մանկան «մամա, մամա» գոչելով Լիդիայի պարանոցին փաթաթվելն այնքան բնական, այնքան սրտառուչ թվաց նրան, որ նա հուզվեց ոչ իբրև մայր այլ իբրև սոսկ կին:
Լազմանովը մոտեցավ նրան և ասաց.
— Երեխային ձե՛զ կտան, այս գիտեմ. բայց թե որքան կորոշեն նրա պահպանության համար — չգիտեմ: Թույլ տվեք բողոքել, եթե քիչ որոշեն...
Զինան ուշադրություն չդարձրեց յուր պաշտպանի վրա: Կարծես, չլսեց անգամ նրա խոսքերը:
— Ես կբողոքեմ, անպատճառ կբողոքեմ, — ասաց Լազմանովը, զարմացած դիտելով Զինային, որ շարունակ զբաղված էր յուր մտքերով:
Նա չզգաց, և չէր էլ կարող զգալ, թե այդ պահին ի՛նչ է կատարվում յուր պաշտպանյալի մեջ:
— Դատավորները գալի՛ս են, — կրկին լսվեց պրիստավի ձայնը ընդհանուր խոսակցության ու շշուկների մեջ:
Լիդիան ցնցվելով ոտքի կանգնեց, ավելի ամուր սեղմելով Սերժի ձեռը, որ բաց չէր թողել երեխայի գալու վայրկյանից:
Նիստն ազդարարվեց բացված: Ամենքը բռնեցին իրենց տեղերը:
— Մամա, — շշնջաց Սերժը:
— Լռի՛ր, սիրելիս, լռի՛ր, — սաստեց նրան Լիդիան:
— Մամա, սա թատրոն չէ, ես վախենում եմ, — կրկնեց մանուկը սեղմվելով մորը:
Գուրգենը գրկեց նրան մի ձեռով, շարունակ նայելով Լիդիային, որի արտաքին հանգստությունը նրան ավելի էր վախեցնում, քան նվաղիլը: Այժմ յուր մասին նա բնավ չէր մտածում: Զգալով, որ ինքն է այդ բոլորի սկզբնապատճառը, զգում էր իրեն կրկնակի հանցավոր Լիդիայի առջև: Ա՛հ, որպիսի՛ գոհունակությամբ նա ինքը մեն-մենակ կկրեր խայտառակ դատի ամբողջ ծանրությունը:
— Դա՞ է ձեր մանուկը, — հարցրեց նախագահը:
— Այո՛:
Տիրեց խորին լռություն:
Լիդիան զսպեց յուր շունչը, ավելի ու ավելի ամուր սեղմելով Սերժի ձեռը:
Նախագահը հանդարտորեն դուրս բերեց ժիլետի գրպանից պենսնեն, դրեց քթին, վերցրեց սեղանի վրայից ձեռի տակ գտնված թուղթը և կարդաց դատավճիռը:
Երբ նա սովորական բանաձևն անցնելով, արտասանեց` «դատարանը որոշեց», Լիդիան անգիտակցաբար այնպես ամուր սեղմեց Սերժի ձեռը, որ մանուկը ճչաց ցավից:
— Որոշեց՝ վերցնել երեխային խորթ մորից և հանձնել հարազատ մորը, Զինաիդա Պրոխորովային, — հնչեց նախագահի սառը, անհողդողդ ձայնը:
Այլևս Լիդիան հետևյալ խոսքերը չլսեց: Նրա աչքերը մթնեցին, ձեռքերը թուլացան, բաց թողեց Սերժին: Նրան թվաց, թե առաստաղը խորտակվում է յուր գլխին և, մի սուր ճիչ արձակելով, ընկավ Սինոփյանի գիրկը, որ տեսարանը նախագուշակելով, կանխավ մոտեցել էր նրան:
— Մամա, մամա, — գոչեց Սերժը և դառնագին հեկեկաց:
Թուղթն ընկավ նախագահի ձեռքից:
Զինան կանգնած էր անշարժ և դիտում էր հեռվից: Ոչ ոք չգիտեր, թե ի՛նչ է կատարվում նրա մեջ:
— Պարոնայք դատավորներ, — լսվեց ընդհանուր շփոթության մեջ Սինոփյանի ձայնը, — դուք տեսնում եք այս երկու կանանցից ո՛րն է հարազատ մայրն այս մանկան:
Տեսարանը նախագահի վրա ազդել էր: Արտասուքի երկու խոշոր կաթիլներ ընկան պենսնեի տակից նրա ալեխառն մորուքի վրա:
— Նիստը փակում եմ, — արտասանեց նա դողդոջուն ձայնով, — դատավճիռը վերջնական ձևով կազդարարվի մի շարաթ հետո...
Դատավորները վերկացան տեղներից, ամենքը հուզված:
— Ոչ, ոչ, չեմ ուզում, — լսվեց հանկարծ Զինայի ձայնը, — երեխան իմը չէ: Ես հրաժարվում եմ նրանից էլ, փողից էլ. չեմ ուզում:
Նա վազեց դեպի Լիդիան:
— Տիրո՛ւհի, տիրո՛ւհի, ներեցեք ինձ, ես մեղավոր եմ ձեր առջև: Ես չէի ուզում, նա՛ սովորեցրեց ինձ, Ելենա Գավրիլովնան: Պահեցեք երեխային, նա ձերն է: Ես ոչինչ չեմ ուզում:
Լազմանովը ապշած, զայրացած կրծոտում էր յուր շրթունքները:
Գուրգենը, Սինոփյանի օգնությամբ, դուրս տարավ Լիդիային և Սերժի հետ կառք նստեցրեց:
Շաբաթն անցավ: Ազդարարվեց միևնույն դատավճիռը:
Չնայելով Լազմանովի ջանքերին, Զինան մնաց անդրդվելի: Նա շարունակ կրկնում էր.
— Երեխան իմը չէ, իմը չէ: Ես չեմ ուզում նրան, ոչ էլ փող:
Ամբողջ շաբաթ Լիդիան հիվանդ պառկած էր և Սերժին չէր թողնում հեռանալ յուր անկողնակալի մոտից:
Երբ նրան պատմեցին բոլորը, խնդրեց Զինային կանչել յուր մոտ: Նա փաթաթվեց յուր նախկին սպասուհու պարանոցին և համբուրելով նրան, մի քանի անգամ կրկնեց.
— Շնորհակալ եմ, շնորհակալ եմ, լինենք քույրեր:
Բայց Սինոփյանը չտարվեց այդ տեսարանով: Նա ասաց Զինային.
— Դուք դատարանի միջոցով կհրաժարվեք երեխայից, տալով ձեր ստորագրությունը, իսկ ես կապահովեմ ձեր կյանքը ցմահ:
Այդպես էլ արին: